0

Մեսրոպ Մաշտոց

Author Unknown    Category


Մեսրոպ Մաշտոց, (Մաշտոց, Մաշթոց) (361թ․ ապրիլի 5, գյուղ Հացեկաց (Տարոնի գավառում ) - 440թ․ փետրվարի 17, Վաղարշապատ (այժմԷջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։ Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։
Մեսրոպ Մաշտոցը կիսազնվական Վարդանի որդին էր։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին,ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով III (մոտ 385 − 388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396 - ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանլելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։ Մոտ 404 - ին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398-408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405-406թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416-429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարգմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։
Կյանքի վերջին տարիներին գրել է հոգևոր շարականներ, կրոնա-փիլիսոփայական երկեր։





Post comment

FbArmenia.info